Էմոցիոնալ ազատություն

Ներածություն
Մեզանից շատերը ապրում են անտեսանելի վանդակում։ Մենք դա կոչում ենք «բնավորություն», «ճակատագիր» կամ «դեպքերի պատահական համադրում»։ Բայց հաճախ մեր մտքերը, վարքը մեր ներքին թակարդներն են, որոնք ձևավորվել են վաղ մանկության շրջանում՝ գոյատևման համար։ Այն, ինչ ժամանակին օգնել է մեզ, այսօր խանգարում է մեզ և տարբեր արգելքներ ստեղծում կյանքի տարբեր ոլորտներում։
Ի՞նչի մասին է այս գիրք-ուղեցույցը
Ճանաչել քո ավտոմատ սցենարները և վերադարձնել ղեկի կառավարումը։
Հասկանալ քո տարբեր զգացողությունների, մտքերի հիմքը։
Դադարել կրել այլոց սցենարները։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել․
Գիրքը չի փոխարինում հոգեթերապիային։
Սահմանափակումներ։ Եթե դուք այս փուլում ունեք կլինիկական դեպրեսիայի ախտորոշում, կորստի փուլում եք, ունեք սուիցիդալ մտքեր կամ որևէ հոգեբուժական ախտորոշում, որը պահանջում է դեղորայքային բուժում, ապա այս գրքի վարժությունների ինքնուրույն կիրառումը կարող է լինել ոչ արդյունավետ. կարող եք դրանք կատարել ձեր մասնագետի հետ խորհրդակցելով։
Գլուխ 1. Էմոցիոնալ ազատություն. Քո ելքը ներքին լաբիրինթոսից
1.1. Քո թաքնված ուղեկիցները. Ո՞վ է իրականում կառավարում քո կյանքը
Մեր հոգեկան աշխարհը նման է բազմաշերտ մեխանիզմի։ Հաճախ մեր արձագանքները մեզ թվում են անկառավարելի կամ նույնիսկ «օտար», քանի որ դրանք ակտիվանում են ավելի արագ, քան մեր բանականությունը կհասցնի վերլուծել իրավիճակը։ Խնդիրը ոչ թե հենց արձագանքն է, այլ այն կույր հավատը, որով մենք ընդունում ենք մեր ակնթարթային մտքերն ու զգացողությունները որպես բացարձակ ճշմարտություն։
Պատկերացրու սովորական առավոտ։ Դու սուրճը թափում ես սիրելի վերնաշապիկիդ վրա։ Նույն վայրկյանին ներսումդ հնչում է կատաղի մի ձայն. «Դե իհարկե՜: Ինչպես միշտ: Ձեռքերդ ծուռ են, հավերժ ամեն ինչ փչացնում ես»։ Ուսերդ սեղմվում են, տրամադրությունդ ընկնում է, և ամբողջ օրդ տակնուվրա է լինում։ Ո՞վ ասաց դա։ Դա դու չես։ Դա Ներքին Քննադատն է՝ քո հոգեկանի այն հատվածը, որը ձևավորվել է արտաքին գնահատականների և խիստ պահանջների հիման վրա։
Մենք սովոր ենք կարծել, որ մեր «Ես»-ը միատարր է, բայց իրականում մեր ներսում գործում են տարբեր «ենթաանհատականություններ», որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, բայց հաճախ դրանք գործում են ի վնաս մեր ներկա ինքնության։
Վարժություն 1. «Վերլուծություն»
Որպեսզի հասկանանք մեր ներքին համակարգի աշխատանքը,
մենք պետք է դառնանք սեփական մտքերի դիտորդը։
Բաժանի՛ր թուղթը 4 հատվածի և վերլուծի՛ր վերջին տհաճ իրադարձությունը.
Փաստացի իրադարձություն. Առանց էմոցիաների, միայն այն, ինչ կֆիքսեր տեսախցիկը։
Ավտոմատ մտքեր. Ի՞նչ էր ասում այդ ձայնը։ Գրի՛ր ուղղակի մեջբերումներով («Դու անպետք ես», «Ոչինչ չես կարողանում»)։
Էմոցիոնալ արձագանք. Ի՞նչ զգացիր այդ մտքերի ազդեցության տակ (Միայնություն, անօգնականություն, վախ)։
Վարքային պատասխան. Ի՞նչ արեցիր, որպեսզի «խլացնես» այդ ցավը (Լռեցիր, սկսեցիր արդարանալ, թե՞ գնացիր ուտելու)։
Վարքի վերափոխում մտքի վերաձևավորման օգնությամբ
Էմոցիոնալ ազատության ճանապարհին կարևորագույն քայլը կոգնիտիվ տարանջատումն է։ Մենք սովորել ենք նույնանալ մեր մտքերի հետ, սակայն միտքն ընդամենը ուղեղի արտադրած «հիպոթեզն» է, ոչ թե փաստը։
Հարցրո՛ւ քեզ. «Արդյոք այս մեկ ձախողումը սահմանու՞մ է իմ ամբողջ էությունը։ Արդյոք ես, որպես հասուն մարդ, զրկվա՞ծ եմ նորից փորձելու իրավունքից»։
Մեր ներքին քննադատը սիրում է կոգնիտիվ աղավաղումներ՝ չափազանցում, ընդհանրացում և «սև ու սպիտակ» մտածողություն։ Նրա նպատակը ոչ թե քեզ օգնելն է, այլ քեզ սովորական, թեկուզ ցավոտ, բայց «կանխատեսելի» վիճակում պահելը։
Վարժություն 2. «Քննադատի պատկերավորում»
Հանգիստ նստի՛ր և փակի՛ր աչքերդ։ Փորձի՛ր տեսնել քո Քննադատին։ Եթե նա լիներ կերպար, ինչպիսի՞ տեսք կունենար։ Սա օգնում է անջատվել, առանձնացնել այդ ձայնը քո իրական «Ես»-ից։
Այնուհետև ուշադրությունդ դարձրո՛ւ քո ներսում ապրող Խոցելի կողմին։ Սա այն մասն է, որը կրում է հին վերքերը և վախերը։ Քանի՞ տարեկան է նա։ Ի՞նչ է նա ուզում քեզնից։ Պարզապես դիտի՛ր՝ առանց դատելու։